Անչափ հետաքրքիր վայրիվերումներ եղան Հայաստանում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովում: Նախ՝ սպասվում էր, որ հայտարարություն կընդունվի Սիրիայի և Ղարաբաղի առնչությամբ. ՈՒշակովն էր ասել այդ մասին: Հայտարարություն չեղավ:
Գագաթնաժողովին չէր մասնակցում Ղազախստանի նախագահ Նազարբաևը: «Հիվանդ» էր: Հանուն Ալիևի: Հերթական անգամ: Եթե այնպես ստացվեր, որ քննարկվեր Ղարաբաղի խնդիրը, Նազարբաևը յուր «եղբոր» «մունդիրը» պետք է հերթական անգամ «պահեր», ինչպես նախորդ անգամ, երբ «վետոյի» ենթարկեց ԵԱՏՄ հավաքը Երևանում։ Բանը դրան չհասավ, չնայած ՀԱՊԿ վերջնական հայտարարությունում Ղարաբաղի խնդրին ընդամենը մեկ տողով անդրադարձն ավելին էր, քան մի ամբողջ հայտարարությունը: Բայց` հերթով։
Եկածներից Բատկան` Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, ասաց` «ման-մունր» բաների համար ինձ բերիք-հասցրիք Հայաստան: ՈՒ թե սրան էլ գումարում ես այն հանգամանքը, որ տեղի չունեցավ ՀԱՊԿ քարտուղարի ռոտացիա, ՀԱՊԿ ղեկավարումը չանցավ Հայաստանին (Խաչատուրովը չդարձավ քարտուղար), մնում է եզրակացնել՝ ինչպես ԱՊՀ-ն, ինչպես ԵԱՏՄ-ն, այնպես էլ ՀԱՊԿ-ը առանձնապես կենսունակ կառույց չէ, և այդ կենսունակությունը ոչ միայն ներքին դրսևորում ունի, այլև արտաքին, զի ՄԱԿ-ն այդպես էլ խաղաղապահի մանդատ չընձեռեց ՀԱՊԿ-ին:
Իսկ մանդատն այդ առաջնահերթ փորձարկվելու-կիրառվելու էր Սիրիայում ու Ղարաբաղում: Արձանագրենք մեկընդմիշտ` ՀԱՊԿ երկրների մի մասի սրտով էր ՄԱԿ-ի այդ որոշումը, որովհետև նրանցից ոչ մեկը, անգամ Բատկա-Լուկաշենկոն, ով ամենամոտն է կանգնած մայր-Ռուսիային, «չեն ցանկանում ուրիշի պատերազմում մսաղացի միս դառնալ»։ Օրեր առաջ Բատկան հայտարարեց, որ իրենք Ռուսաստանի «ազիզ» բարեկամն են, սակայն երբեք ու ոչ մի դեպքում չեն հասնի ՈՒկրաինա և Սիրիա, չեն հայտնվի Ռուսաստանի և ԱՄՆ-ի արանքում: Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք նույնպես ո՛չ Սիրիայում, ո՛չ էլ Ղարաբաղում ՀԱՊԿ խաղաղապահների «չենք սպասում» (եթե անկեղծ):
Այնուհանդերձ, ՀԱՊԿ գագաթնաժողովը ղարաբաղյան խնդրում բավականին հետաքրքիր «դինամիկա» արձանագրեց: Երկու կետով.
ա) Ընդունված հայտարարությունում Ղարաբաղի առնչությամբ ՀԱՊԿ երկրներն իրենց աջակցությունն են հայտնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, ղարաբաղյան խնդիրը չունի ռազմական լուծում, պետք է շփման գծում հետաքննող մեխանիզմներ տեղակայվեն, ինչին Ալիևը համաձայն չէ։ Ձգենք դադարը՝ հիշելու համար. ՀԱՊԿ հայաստանյան գագաթնաժողովը տեղի ունեցավ Պուտին-Էրդողան հանդիպումից հետո, ՌԴ նախագահը Հայաստան եկավ գրեթե Թուրքիայից` Չավուշօղլուի և Լավրովի հայտարարությունների «ներքո»: Թուրք «Չավուշն» ասել էր` հինգ շրջանները Հայաստանը տալիս է (իշտահներիդ քացախ- հեղ.), մենք ապաշրջափակում ենք Հայաստանը: Իսկ «հայ» Լավրովն ասել էր, թե Թուրքիան կարող է նպաստել Ղարաբաղի խնդրի լուծմանը, սակայն խնդիրը մեկընդմիշտ Մինսկի խմբի լուծման տիրույթում է: Քիչ էր մնում կարծեինք, թե Պուտինը մոխրագույնի հենց այդ նրբերանգների ներքո է Երևանում քննարկելու ղարաբաղյան հարցը: Այնուհանդերձ`
բ) Նույն օրերին պաշտոնական Մոսկվան Քերիին հիշեցրեց` Ջոն, այս պահին Ղարաբաղի խնդիրը լուծում չունի, զի կողմերը պատրաստ չեն: Ասել է` ստատուս քվոն պահպանվում է, ինչն ամբողջովին մեր շահերի տիրույթում է:
Երբ Քերին այս միտքը բարձրաձայնեց, Ալիև-կրտսերն այնպիսի վայնասուն բարձրացրեց, որ քարերն էլ նրա հետ «ողբացին»:
Իսկ Ռուսիայի դեպքում Ալիևը պապանձվել, ինքն է քար դարձել։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ